Աշակերտներն օլիմպիադաներից մեդալներ են բերում, սակայն մասնագիտություն ընտրելիս գնում են ոչ բնագիտական հոսքերով. Հ. Մուսայելյան

19:14 • 12.10.15

Նախագահական նստավայրում այսօր տեղի ունեցած SS բնագավառում կրթական պարգևների մրցանակաբաշխության ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված՝ ՏՏ բնագավառում կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2005 թվականից մինչ այսօր 249 ուսանող և 121 աշակերտ է հաղթել մրցանակաբաշխությունում:

 

«Այս տարվա մրցանակաբաշխությունում ունենք 44 հաղթողներ, որոնցից 16-ն աշակերտներ են, մնացածը՝ ուսանողներ: Չնայած այն հանգամանքին, որ մեր առաջատար դպրոցների աշակերտները բազմիցս տարբեր միջազգային օլիմպիադաներից մեդալներ են բերում, սակայն նրանցից ոմանք մասնագիտություն ընտրելիս գնում են ոչ բնագիտական հոսքերով, և այս հանգամանքը մեզ բոլորիս շատ մտահոգում է»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:

 

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս տարի հայ դպրոցականները միջազգային օլիմպիադաներից բերել են 20 մեդալներ, ավելի շատ, քան Թուրքիան, և ավելի շատ, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած:

 

«Այս տարվա մրցանակաբաշխությանը մասնակցել է 135 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից»,-տեղեկացրեց Հովիկ Մուսայելյանը:


 

 

Աշակերտներն օլիմպիադաներից մեդալներ են բերում, սակայն մասնագիտություն ընտրելիս գնում են ոչ բնագիտական հոսքերով. Հ. Մուսայելյան