Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնվել է անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիտոնին
Տնտեսագիտության ոլորտում մրցանակը, որը հիմնվել է 1968 թվականին շվեդական պետական բանկի կողմից՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակին, հանձնվել է անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիտոնին՝ «սպառողականության, աղքատության և բարեկեցության վերլուծության համար», գրում է РИА Новости-ն։
Այդ մասին երկուշաբթի օրը Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։
Հատկանշական է, որ հայտարարությունից րոպեներ առաջ հաղթողի անունով մամուլի հաղորդագրությունը հավանաբար սխալմամբ հրապարակվել է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում:
Մրցանակի գումարը, ինչպես և մյուս Նոբելյան մրցանակների դեպքում, 2015 թվականին 8 միլիոն շվեդական կրոն է (953 հազար դոլար)։
Ալֆրեդ Նոբելը 19-րդ դարի վերջին միայն հինգ մրցանակ էր կտակել՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և խաղաղության համար։
2015 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Թունիսում ազգային երկխոսության «քառյակին»: «Քառյակը» ձևավորվել է 2013 թվականին՝ երկրի համար շրջադարձային պահին, երբ ժողովրդավարական արժեքները վտանգի տակ էին հայտնվել։
2015 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին՝ «նրա արձակի բազմաձայն հնչեղության և տառապանքի ու քաջության հավերժացման համար»։
Հայտնի են նաև քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները. Թոմաս Լինդելը՝ Շվեդիայից, Փոլ Մոնդրիխը՝ ԱՄՆ-ից, և թուրքական ծագմամբ ամերիկացի Ազիզ Սանքարը Նոբելյան մրցանակ են ստացել վնասված ԴՆԹ-ի վերականգնման գործընթացների հետազոտության համար։
Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը և ճապոնացի Սատոսի Օմուրան՝ մակաբույծների դեմ պայքարի ոլորտում հայտնագործությունների համար, ինչպես նաև չինացի Յույու Տուն՝ մալարիայի դեմ պայքարի ոլորտում բացահայտումների համար։
2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։










