Եկող 100 տարում ԱՄՆ-ում սպասվում են լուրջ կատակլիզմներ. բնապահպաններ
Գալիք հարյուրամյակի ընթացքում տեղի ունենալիք կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքով ԱՄՆ-ի տարածքում սպասվում են լուրջ կատակլիզմներ։
Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է ամերիկացի բնապահպաների խումբը: Ըստ մասնագետների՝ մինչ 2100թ. համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա նվազագույնը 0.2, առավելագույնը` 2.4 մ-ով, ինչի հետևանքով առափնյա շրջանների բնակիչները կտեղափոխվեն երկրի խորքերը։
Բացի այդ, The Nature Conservancy միջազգային բնապահպանական կազմակերպության ամերիկացի բնապահպանները կանխատեսում են, որ Միացյալ Նահանգների տարածքում շատ ուժեղ շոգ է լինելու, որի հետևանքով որոշ նահանգներում ջրի սուր պակաս է նկատվելու։
Ըստ մասնագետների՝ 100 տարի անց Ալյասկան կկորցնի իր ձյունե «վերմակի» մեծ մասը, իսկ Կալիֆոռնիայի լեռներում կհալչի ձյան և սառույցի 50-80 տոկոսը։
Նշվում է նաև, որ սպասվելիք կլիմայական փոփոխությունները կանդրադառնան նաև բուսական և կենդանական աշխարհի վրա։ Իրենց էկոհամակարգերի ամենաստորին հատվածում գտնվող որոշ տեսակներ կվերանան։ Նրանց փոխարինելու կգան կլիմայական նոր պայմաններում իրենց լավ զգացող նորաստեղծ տեսակներ։
Աղբյուրը հավելում է, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացման և համաշխարհային օվկիանոսում թթվայնության մակարդակի ավելացման հետևանքով կվերանան մարջանե խութերը։










