Հոլիվուդը կէկրանավորի Volkswagen-ի շուրջ ստեղծված դիզելային սկանդալը
Գերմանական Volkswagen կոնցեռնի շուրջ ստեղծված դիզելային սկանդալը կդառնա գեղարվեստական ֆիլմի թեմա։
Ամերիկյան Paramount Pictures ստուդիան և Appian Way պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին, գնել են դեռ չգրված գրքի էկրանավորման իրավունքը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Այն կգրի The New York Times-ի եվրոպական թղթակից Ջեք Էվինգը և այն կնվիրվի գերմանական ավտոկոնցեռնի 78-ամյա պատմության մեջ ամենաաղմկոտ սկանդալին։ Ինչ դերասաններ կմասնակցեն նկարահանումներին և ով կլինի ապագա ֆիլմի ռեժիսորը՝ դեռ չի հաղորդվում։
Սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության մասնագետները հայտնաբերել են, որ դիզելային շարժիչներով Volkswagen-ի ավտոմեքենաներում ծրագրային ապահովում է տեղադրվել, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական չափանիշները:
Կոնցեռնի տվյալներով՝ այդ ծրագիրը տեղադրված է եղել ողջ աշխարհով մեկ վաճառված 11 միլիոն ավտոմեքենաներում։










