Հայ դպրոցականները խաղեր են ստեղծում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրերով

17:10 • 14.10.15

Մեկնարկում է Դիջի Կոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը, որի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ մրցույթի շնորհիվ բացահայտվում են հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաները և նոր հնարավորություններ ստեղծվում նրանց հետագա մասնագիտական զարգացման համար:

 

«Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլեմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս երեխաներն իրենց իսկ բնակավայրերում ստարտափ ընկերություններ ստեղծելու ներուժ են ձեռքբերում»,-ասել Կարեն Վարդանյանը` հավելելով, որ այդպիսով զարգանում է ոլորտը նաև մարզերում:

 

ԴիջիԿոդի շրջանակներում աշակերտներն աշխատում են Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կայք:  Scratch-ը  MIT-ի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվես-ը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

 

Ծրագիրն իրենից ներկայացնում է ցանց, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցահասակներին:  Այս ծրագիրը զարգացնում է  ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նա և աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակությունները և այլն:
 

ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականներ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել digitec.am կայքում` մինչև դեկտեմբերի 15-ը: Նախնական փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց խաղերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:

 

ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթը, որն առաջին անգամ անցկացվել է հունիսին աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում: Ներկայացվել էր շուրջ 250 դիմում, որից միայն 50-ն էին հաղթահարել առաջին փուլը: Մասնակիցներից ընդամենը մեկն էր մայրաքաղաքից, մյուսները ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը:

 

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր հովանավորը «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամն է:

 

 

Հայ դպրոցականները խաղեր են ստեղծում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրերով