Swatch-ը ներկայացրել է ժամացույցներ, որոնց օգնությամբ կարելի է վճարումներ կատարել
Շվեյցարական Swatch Group-ը Չինաստանում նոր էլեկտրոնային ժամացույցներ է ներկայացրել, որոնց օգնությամբ կարելի է վճարել գնումների համար։
Swatch Bellamy ժամացույցները, ի տարբերություն Apple-ի և այլ արտադրողների «խելացի ժամացույցների», չեն միանում սմարթֆոնին և չեն կարող համացանց մտնել, սակայն նրանք զինված են անլար կապի համար միկրոչիպով, որը նման է բանկային քարտերում առկա չիպերին, գրում է korrespondent.net-ը։
Ժամացույցները Չինաստանում վաճառքի կհանվեն հաջորդ տարվա հունվարից: Դրանց արժեքը կլինի 580 յուան (91 դոլար): Այլ շուկաներում ժամացույցները կհայտնվեն ավելի ուշ։
Որպեսզի վճարային համակարգն աշխատի, Swatch-ը China UnionPay-ի և Bank of Communication պետական բանկի հետ փոխգործակցություն է կազմակերպել։
Հարցին, թե ինչու է շվեյցարական ընկերությունը նորույթը ներկայացնում Չինաստանում, այլ ոչ Շվեյցարիայում, ընկերության գլխավոր տնօրեն Նիկ Հայեկը պատասխանել է, որ «իմանալով շվեյցարական բանկերը՝ նոր տեխնոլոգիայի ներդրման համար ամիսներ, անգամ՝ տարիներ կպահանջվեն»։
Չինաստանում 2014 թվականին բջջային վճարումների ծավալն ավելացել է 134 տոկոսով և հասել է 3,6 տրիլիոն դոլարի:










