Մեր գործարար աշխարհը դեռ դեմքով չի շրջվել դեպի համալսարանական կրթությունը. Արամ Սիմոնյան
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուհ- գործարար ոլորտի համագործակցությանը, ասաց, որ բուհ-գործատու կապն առայժմ լավ չի գործում, թեև կան առանձին ընկերություններ, որոնք բուհի հետ սերտորեն համագործակցում են, սակայն դրանց թիվը քիչ է:
Նա նշեց, որ չնայած այս հարցում պետության օգնության կարիքը կա, բայց մյուս կողմից այդ հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր համարեց և ասաց, որ բուհ-գործատու կապը պետք է հաստատեն ինքնուրույն:
«Ես կարծում եմ, որ դեռ մեր գործարար աշխարհը դեմքով չի շրջվել դեպի համալսարանական կրթությունը, որովհետև նրանք չեն զգում կրթության հարգը այն չափ, որ չափի որ ամբողջ աշխարհում է ընդունված: Երկրորդ՝ մեր գործարար աշխարհը զարգացման այն աստիճանի վրա չէ, որ հասկանա կամ ընկալի, որ առանց կրթական գործընթացների, առանց կրթության հետ համագործակցության, չի կարող երկիրը զարգացած տնտեսություն ունենալ»,-ասաց նա:
Արամ Սիմոնյանն ասաց, որ ուսանողն իր գիտելիքներով ընդհանուր առմամբ պատրաստ է կյանք մտնելու, սակայն որոշակի մտահոգություններ կան՝ կապված նրանց հմտությունների ու կարողությունների հետ գործնական առումով:
«Այդ մտահոգությունները փարատելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործատուներն ակտիվ համագործակցեն բուհի հետ, մասնակցեն բուհական կրթական ծրագրերի կազմմանը, անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում իրենք ևս մասնակցեն դասընթացի գործընթացին և նաև իրենց մոտ դա կազմակերպեն: Ոչ միշտ է բուհին հաջողվում համոզել, որ դասընթացներ իրականացվեն գործատուի աշխատավայրում, սակայն այնուամենայնիվ որոշ տեղաշարժեր կան»,-ասաց նա:
Ռեկտորը նշեց, որ բուհը պատրաստ է համագործակցել գործատուների հետ, ինչի համար ստեղծվել են տարբեր կառույցներ, որոնք զբաղվում են դրանով, գործում է կարերայի կենտրոնը, որը աշխատաշուկայի ուսումնասիրման համապատասխան ստորաբաժանումն է, բայց այնուամենայնիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ իրենք աշխատում ենք:
«Այդ խնդիրը միայն մերը չի, այդ խնդիրը ամբողջ աշխարհում այժմեական է, և տարբեր բուհեր տարբեր մոտեցումներ ունեն, սակայն լուծման ճանապարհը մեկն է՝ համագործակցությունը գործատուի հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի արդիականացմանը, ապա ռեկտորն ասաց, որ իրենք իրենց կրթական ծրագրերը ամեն տարի են փոփոխման ենթարկում:
«Դրանք շատ ճկուն են, և մենք ամեն տարի բազմաթիվ դասընթացներ, կրթական ծրագրեր ձևափոխում ենք, վերափոխում ենք, լավացնում ենք, փակում ենք այնպիսի ծրագրեր, որոնք կարծում ենք, որ այլևս շուկային պետք չեն, բացում ենք նորերը: Այսինքն՝ դա գործընթաց է, որով բուհը զբաղված է միշտ»,-ասաց նա:
Արամ Սիմոնյանը, խոսելով մասնավորապես այն մասնագիտությունների մասին, որոնք առավել շատ են հետաքրքիր գործատուներին, ասաց, որ առայժմ ամենից շատ պահանջված են համակարգչի հետ կապված մասնագիտությունները, լեզուները, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, սոցիալական աշխատանքը, դեղագիտությունը, իսկ բնագիտության թևի հիմնական՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա մասնագիտություններով գործատուները վառ արտահայտված հետաքրքրություն չունեն:
Նա նաև նկատեց, որ հատկապես բնագիտական թևի լավագույն շրջանավարտները, որպես կանոն, ձգտում են աշխատել արտասահմանում, իսկ ընդհանրապես ուսանողների մոտ կրթությունը շարունակելու ցանկություն մշտապես կա:
Անդրադառնալով կրթության որակի վրա ընդունելության շեմը իջեցնելու ազդեցությանը ՝ նա ասաց. «Ընդունելության շեմը բուհը չի իջեցնում, դա ընդունելության քննությունների արդյունքով է լինում. կան մասնագիտություններ, որտեղ շեմը իջել է և կան մասնագիտություններ, որտեղ շեմը բարձրացել է, դա գործընթաց է, ինչն ամեն տարի փոփոխական է»:
Ռեկտորն ասաց, որ բուհն անում է ամեն ինչ այսօրվա պայմաններում բարձր կրթություն ապահովելու համար:
«Ես կարող եմ վստահաբար ասել, որ ԵՊՀ-ն միջազգային չափանիշներին հարիր կրթություն է տալիս, և առանձնապես բողոքելու բան չունեմ, որովհետև մենք մշտապես աշխատում ենք կրթության որակի բարձրացման ուղղությամբ, և դա մեր հիմնական գերակայություններից մեկն է»,-հավելեց նա:










