Apple-ն ամերիկյան համալսարանին կվճարի 234.000.000 դոլար՝ արտոնագրային իրավունքների խախտման համար
Ամերիկյան Apple կորպորացիան Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանին 234 մլն դոլար կվճարի՝ այդ պետական գիտահետազոտական հաստատության մասնագետների մշակած տեխնոլոգիաների արտոնագրային իրավունքների խախտման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նման վճիռ է կայացրել Մեդիսոնի դաշնային դատարանը։
Համալսարանը հայց էր ներկայացրել տեխնոլոգիական հսկայի դեմ անցած տարվա հունվարին՝ ընկերությանը մեղադրելով արտոնագրի խախտման համար, որը բուհը գրանցել է 1998 թվականին։
Համալսարանի ներկայացուցիչները հաստատում են, որ կորպորացիան առանց համապատասխան թույլտվության օգտագործել է համալսարանում մշակված միկրոչիպերի ստեղծման տեխնոլոգիան։
Խախտումն առնչվել է պրոցեսորներին, որոնցով համալրված են iPhone-ի 5s, 6 և 6 Plus մոդելները, ինչպես նաև iPad պլանշետների որոշ տարբերակներ։










