«Հեքըթոն [ՅԱՆ] 2015» մրցույթին կմասնակցի հայաստանյան ՏՏ համայնքի 60-ից ավելի խումբ

17:13 • 19.10.15

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» հայտարարել է «Հեքըթոն [ՅԱՆ] 2015»` 24 ժամյա գաղափարների գեներացման մրցույթի մեկնարկի մասին: «Հեքըթոնն» այս տարի ներկայանալու է հետաքրքրիր նորություններով և մրցանակներով:


«Արմենպրես»-ին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից» հայտնել են, որ մրցույթին կմասնակցի 60-ից ավելի խումբ:
 

Միջազգային ձևաչափի այս մրցույթն առաջին տարում իսկ հետաքրքրություն առաջացրեց հայկական ՏՏ հանրության շրջանում, և ավելի քան 35 թիմ մշակեցին նախագծեր՝ հիմնականում ուղղված  Երևանի տրանսպորտային, բնապահպանական, առողջապահական, կրթական, զբոսաշրջության ոլորտների խնդիրների լուծմանը:
 

«Հեքըթոն [ՅԱՆ]-ը» միավորում է ոչ միայն սկսնակ ծրագրավորողների, այլև արդեն կայացած և մեծ ճանապարհ անցած ծրագրավորողների, ձեռներեցների, տարբեր ոլորտների մասնագետների։ «Հեքըթոն [ՅԱՆ]-ը» հիանալի հնարավորություն է ՏՏ համայնքում կապեր հաստատելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու համար։ Շատ հաճախ «Հեքըթոնի» ժամանակ հանդիպած մարդիկ հետագայում միավորվում են մեկ գաղափարի շուրջ, ստեղծում իրենց ստարտափը։
 

«Յուրաքանչյուր տարի Հեքըթոն [ՅԱՆ]-ը ներկայանում է նոր ձևաչափով, հետաքրքիր նորություններով և անցկացման հետաքրքիր և անսպասելի վայրով։ Այս տարին բացառություն չի լինելու։ Գաղտնիքները չբացելով՝ ավելացնենք, որ լինելու են նաև շատ հետաքրքիր մրցանակներ, ինչպես նաև որոշ թիմեր հնարավորություն են ստանալու ընդգրկվել ստարտափերի աքսելերացիայի ծրագրին»,- նշում են կազմակերպիչները:
 

2011 թվականին Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին Հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից: Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում Երևան քաղաքի խնդիրներին: 2012թ. Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին  մասնակցում էր արդեն 35 թիմ: 2013թ «Թռիչք» անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որին  աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել: 201 4թ․ին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցեցին 58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։
 

Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել  են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերից շատերը հաջողությամբ գործում են նաև այսօր` www.4car.am www.citybugs.am-ը, MyNews Mobile, Coffee cup, Shelly, The Gardener:


 


 

«Հեքըթոն [ՅԱՆ] 2015» մրցույթին կմասնակցի հայաստանյան ՏՏ համայնքի 60-ից ավելի խումբ