Հայ ուսանողները 3D տպիչ են նախագծել և մտադիր են մանր իրերի արտադրություն հիմնել

10:51 • 20.10.15

 


Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ` ANEL փորձարարական կենտրոնում գործող ուսանողական խմբերից մեկը նախագծել է եռաչափ տպիչ և ցանկանում է այդ ծրագիրը վերածել ստարտափի՝ հիմնելով 3D կենտրոն Երևանում, որը հասանելի կլինի նաև առցանց:
 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի համահեղինակ Լուսինե Միքայելյանը նշել է, որ կենտրոնը եռաչափ տպիչով տարբեր իրեր կարտադրի:
 

«Շատ հաճախ անհասանելի իրերը, օրինակ, հին, արտադրությունից դուրս եկած առարկաները, հեշտորեն համակարգչային մոդելավորման են ենթարկվում և ստացվում եռաչափ տպիչներով: Քիչ օրինակով ստեղծելու դեպքում էլ դրանք շատ կիրառելի են, քանի որ ավանդական միջոցներով թանկ է, պետք է շատ արտադրեն, որ էժան ստացվի: Եռաչափ տպագրությունն աշխարհ է եկել, որ հեշտորեն լուծի այդ խնդիրները»,-ասել է Լուսինե Միքայելյանը` հավելելով, որ աշխարհում 3D տպիչները շատ են կիրառվում` ի տարբերություն Հայաստանի, որտեղ մի քանի հատ կա ընդամենը:

 

«Մեր տպիչը դեռ միայն պլաստմասայով է աշխատում, մենք փորձում ենք ավելի ամուր նյութեր օգտագործել: Վաճառքի գինը նախատեսված է 800 դոլար, տպիչը մաքսիմալ հարմարեցված է հայաստանյան շուկային: Աշխարհը գնում է առաջ ու շատ տեղերում տարածված են այս տպիչները, բայց հայերը հետ են մնում այդ միտումներից: Հայաստանում մի քանի հատ են տպիչները, և մենք ուզում ենք ցույց տալ, որ դրանք արտադրության շատ օգտակար միջոցներ են»,-ավելացրել է ծրագրի համահեղինակը:
 

Խումբը 3D տպիչը նախագծել է` ուսումնասիրելով միջազգային փորձը և մեկ տպիչի մեջ է հավաքել լավագույն լուծումները:

 

«Մեր տպիչի առավելությունն այն է, որ հեշտությամբ չափերը փոփոխվում են, ընդամենը գնի 20 տոկոս ավելացմամբ կարող ենք երկու անգամ մեծ եռաչափ տպիչ ստանալ»,-տեղեկացրել է Լուսինե Միքայելյանը:

 

 

Հայ ուսանողները 3D տպիչ են նախագծել և մտադիր են մանր իրերի արտադրություն հիմնել