Արաբները «Ֆորմուլա-1-ի» Գրան-պրիում մրցարշավային արտաճանապարհային կներկայացնեն
Արաբական Միացյալ Էմիրությունների Zarooq ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջին մեքենան` Sand Racer մրցարշավային արտաճանապարհայինը, որը հնարավոր կլինի վարել նաև քաղաքային երթևեկության պայմաններում:
Motor.ru-ի հաղորդմամբ` մեքենայի պրեմիերան կկայանա նոյեմբերին` Աբու Դաբիում «Ֆորմուլա-1» մրցաշարի Գրան-պրիի ժամանակ:
Նորույթի տեխնիկական հնարավորությունների մասին դեռևս քիչ տեղեկություններ են հայտնի: Հաղորդվում է, որ արտաճանապարհայինի դիզայնի վրա աշխատել է Lykan Hypersport սուպերքարի դիզայներ Էնտոնի Յանարելին:
Մեքենայի թափքում լայնորեն կիրառվելու է ածխապլաստիկ, իսկ մեքենայի քաշը կկազմի 950 կգ: Մեքենան կզինվի 3.5 լիտր աշխատանքային ծավալով, 6 մխոցային շարժիչով, որը կունենա 300-500 ձիաուժ հզորություն:
Առաջին պատվիրատուներն իրենց մեքենաները կստանան 2016-ի սկզբին: Առաջին 20 օրինակը կթողարկվի հատուկ տարբերակով: Արտաճանապարհայինի արժեքը կկազմի 80-160 000 դոլար:










