Ինքնաշեն ժամացույց պատրաստած ամերիկացի դպրոցականը Քաթարում սովորելու հրավեր է ստացել

16:02 • 21.10.15

Ամերիկացի դպրոցականը, որն ինքնաշեն ժամացույց էր պատրաստել և դրա պատճառով սխալմամբ ձերբակալվել, ընդունել է Քաթար տեղափոխվելու և այնտեղ սովորելու հրավերը, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Մենք քննարկել ենք ստացված բոլոր առաջարկները, և ցանկանում ենք հայտարարել, որ ընդունում ենք Երիտասարդ նորարարների ծրագրին մասնակցության հրավերը, որը ստացվել է Քաթարի կրթության, գիտության և հասարակական զարգացման հիմնադրամի կողմից»,- ասված է տղայի ընտանիքի հայտարարությունում:

 

Ահմեդ Մուհամեդն ընտանիքի հետ կուղևորվի Դոհա, որտեղ կսովորի ավագ դպրոցում և քոլեջում: Նրա եղբայրներն ու քույրերը նույնպես կայցելեն տեղի դպրոցներ:

 

Տղան բազմաթիվ առաջարկներ է ստացել ամերիկյան դպրոցներից:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ տեխասցի աշակերտ Ահմեդ Մուհամեդը, որ վերջերս լայն ճանաչում է ձեռք բերել ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալվելու համար, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով Սպիտակ տուն է այցելել։


Տղան, մասնավորապես, մասնակցել է «Աստղագիտության գիշեր» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում խրախուսվում են տարբեր գիտություններով զբաղվող աշակերտները։ Նա ավելի վաղ հրավիրվել էր ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպմանը:

 

Սեպտեմբերի 16-ին 14-ամյա սաուդացի Ահմեդ Մուհամեդն իր հետ դասասենյակ էր տարել ինքնաշեն զարթուցիչ: Դասաժամին ժամացույցը զնգացել էր, և ուսուցչուհին խնդրել էր ցույց տալ այն իրեն: Տեսնելով ինքնաշեն զարթուցիչը` նա մտածել էր, թե դա ռումբ է և ոստիկանություն էր կանչել։
 

Ինքնաշեն ժամացույց պատրաստած ամերիկացի դպրոցականը Քաթարում սովորելու հրավեր է ստացել