Հայկական Joomag ընկերությունը համագործակցություն է սկսում հեղինակավոր Getty Images-ի հետ
Թվային ինտերակտիվ հրատարակության ոլորտի նորեկներից մեկը` հայկական Joomag ստարտափը, տեղեկացրել է ամերիկյան հեղինակավոր Getty Images ֆոտոգործակալության հետ համագործակցության մասին։
Ինչպես նշում է Yahoo!-ն, այս տանդեմի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հազարավոր առցանց խմբագիրներ հասանելիություն կստանան միլիոնավոր բարձրորակ կրեատիվ և խմբագրական լուսանկարների։
Աղբյուրը մանրամասնում է, որ Joomag հարթակն օգտագործող բոլոր խմբագիրները հաշված վայրկյանների ընթացքում կկարողանան հասանելիություն ստանալ և օգտագործել Getty Images-ի ամենաբարձրակարգ լուսանկարները` լրատվության, սպորտի, ժամանցի և մի շարք այլ բնագավառներում:
Joomag-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանն իր հերթին նշել է, որ իրենց ընկերության և Getty Images-ի համագործակցությունը լիովին երաշխավորում է լուսանկարների պրեմիում դասի կոնտենտ։
Yahoo!-ն հավելում է, որ հայկական ստարտափն ամբողջ աշխարհում ունի 300.000-ից ավելի հրատարակիչ, որոնք տվյալ հարթակի միջոցով ստեղծում են ինտերակտիվ ամսագրեր, թերթեր, բլոգներ, կատալոգներ, բրոշյուրներ և էլեկտրոնային գրքեր։










