Twitter-ի գլխավոր տնօրենն աշխատակիցներին է նվիրել ձեռնարկության բաժնետոմսերի 1/3-ը
Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին իր ղեկավարած ընկերության աշխատակիցներին մոտիվացնելու յուրահատուկ ձև է գտել։ Իր միկրոբլոգում նա տեղեկացրել է, որ աշխատակիցներին է նվիրում Twitter-ի բաժնետոմսերի 1/3-ը՝ միաժամանակ հիմնավորելով, թե ինչու, գրում է գերմանական Spiegel պարբերականը։
129 նիշից բաղկացած գրառումը մեկ ժամվա ընթացքում հավանության է արժանացել գրեթե 3000 անգամ: Twitter-ի գլխավոր տնօրենն իր միկրոբլոգում հայտարարել է հօգուտ աշխատակիցների ձեռնարկության իր բաժնեմասի 1/3-ից հրաժարվելու մասին:
Դա Twitter-ի ուղիղ 1 տոկոսն է, գրել է Դորսին: Այդ բաժնեմասը նա ցանկանում է ներդնել աշխատակիցների համար նախատեսված կանոնադրական կապիտալում: Ներկայում փաթեթն արժե գրեթե 200 մլն ԱՄՆ դոլար, որը համարժեք է 180 մլն եվրոյին:
Ջեք Դորսին վերջերս՝ հոկտեմբերի 6-ին է կրկին նշանակվել ընկերության մշտական տնօրենի պաշտոնում և պարտավորվել Twitter-ը վերջապես դարձնել շահութաբեր և գրավիչ ներդրողների համար. մինչ օրս ընկերությունն անկումային ցուցանիշներ է գրանցում: Ընդամենը մի քանի օր առաջ գլխավոր տնօրենը հայտարարել էր կրճատումների մասին, այն է՝ 4.100 աշխատատեղից մինչև 336-ը պետք է լուծարվի:
Ջեք Դորսին նաև բջջային վճարման ծառայություն մատուցող Square ընկերության հիմնադիրն է, որի աշխատակիցներին նույնպես հանձնել է իր մասնաբաժնի 3 տոկոսը:
Twitter-ի բաժնետոմսերը նվիրելու մասին հայտարարելուց հետո նա երկրորդ գրառումն է արել՝ նշելով, որ կգերադասեր ինչ-որ մեծ բանի փոքր մասը, քան թե ինչ-որ փոքր բանի մեծ մասը։










