Ամերիկյան դատարանը մերժել է Facebook-ի դեմ ներկայացված 15 մլրդ դոլարի հայցը
Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Facebook ընկերության դեմ ներկայացված հայցը` cookies-ի միջոցով օգտատերերին լրտեսելու գործի վերաբերյալ, գրում է Газета-ն:
Նյութերից հետևում է, որ 2010-2011թթ. գրանցված օգտատերերը համաձայն չեն եղել cookies-ի օգնությամբ տեղեկություն հավաքելուն սոցկայքից դուրս գալուց հետո: Այսինքն՝ Facebook-ը, օգտատերերի կարծիքով, չպետք է հավաքեր տեղեկություն այն պահին, երբ նրանք չեն օգտվել սոցկայքից:
Դատավորը համաձայնել է ընկերության փաստաբանների հետ և նշել, որ հայցվորները չեն կարողացել ապացուցել որևէ բարոյական և նյութական վնաս:
Մի քանի նահանգների օգտատերեր պետք է վերանայեն իրենց պահանջները մինչև նոյեմբերի 30-ը և ներկայացնեն դատարանին։
Նշվում է, որ օրենքը նախատեսում է 100 դոլարի չափով տուգանք անձնական կյանքի իրավունքը խախտելու համար: Հայցվորները հիմնվում են 150 մլն օգտատերերի տվյալների վրա, այսինքն` տուգանքի ընդհանուր գումարը կարող է հասնել 15 մլրդ դոլարի։










