Բիլ Գեյթսն այսօր նշում է 60-ամյակը. հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի կյանքից (լուսանկարներ)

11:06 • 28.10.15

Microsoft ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և հայտնի բարերար Բիլ Գեյթսն այսօր դառնում է 60 տարեկան: Գեյթսը ծնվել է 1955թ. հոկտեմբերի 28-ին Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում:

 

Комсомольская правда-ն ներկայացնում է հետաքրքիր փաստեր Գեյթսի կյանքից, որոնք ցույց են տալիս նրա մարդկային տեսակը:
 

Գեյթսը թողել է քոլեջը` չսպասելով դիպլոմ ստանալուն: Նույն բանն են արել, ի դեպ, Աբրահամ Լինքոլնը, Ուոլթ Դիսնեյը, Հենրի Ֆորդը, Թոմաս Էդիսոնը, Մարկ Ցուկերբերգը և Սթիվ Ջոբսը։

 

Բիլը ցանկացել է միլիոնատեր դառնալ մինչ 30 տարեկանը, սակայն արդյունքում միլիարդատեր է դարձել 31 տարեկանում: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 79.3 մլրդ դոլար։

 

Յուրաքանչյուր 4 վայրկյանը մեկ նա վաստակում է 1000 դոլար: Հաշվարկվել է, որ եթե նա յուրաքանչյուր օր ծախսի 1 մլն դոլար, կպահանջվի 218 տարի ամբողջ կարողությունը վատնելու համար:


Գեյթսը բավականին խնայողաբար է ծախսում գումարը, թեև երբեմն բավականին խոշոր գնումներ է կատարում, օրինակ` անձնական ինքնաթիռ ավելի քան 40 մլն դոլարով:

 

Microsoft-ի հիմնադիրն ընտանիքի հետ ապրում է Սիեթլում գտնվող առանձնատանը, որը գնահատվում է 125 մլն դոլար:

 

Բիլ Գեյթսի մահից հետո նրա 3 երեխաները ժառանգություն կստանան 10-ական մլն դոլար: Մնացած կարողությունը նա կտրամադրի բարեգործությանը: Նա գլխավոր բարերարներից մեկն է աշխարհում: Հաշվարկվել է, որ շնորհիվ առողջապահության ծրագրում ներդրված գումարների՝ արդեն մոտ 6 մլն կյանք է փրկվել:

Բիլ Գեյթսն այսօր նշում է 60-ամյակը. հետաքրքիր փաստեր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի կյանքից (լուսանկարներ)