Volkswagen-ը «դիզելային սկանդալի» պատճառով մոտ 4 մլրդ դոլարի կորուստ է կրել

14:42 • 28.10.15

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Volkswagen ավտոկոնցեռնն ավելի շատ կորուստ է կրել, քան կանխատեսվում էր, գրում է gazeta.ru-ն։

 

Ավտոկոնցեռնի օպերացիոն կորուստը դիզելային շարժիչների հետ կապված սկանդալի ֆոնին կազմել է 3,84 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնի է դարձել ընկերության զեկույցից:

 

Դա ընկերության առաջին եռամսյակային կորուստն է վերջին 15 տարվա աշխատանքի ընթացքում:

 

Կորստի հիմնական պատճառը «դիզելգեյթի» հետ կապված սպառողներին հատկացվող վճարումներն են, որը սպառնում է ողջ աշխարհում մինչև 11 միլիոն ավտոմեքենայի հետկանչով: Ընկերության գնահատականներով՝ այն արդեն սկանդալի համար վճարել է մոտ 6,7 միլիարդ եվրո, այդ գումարը զգալիորեն քիչ է, քան կանխատեսում էին շատ վերլուծաբաններ:

 

Ընդ որում՝ տարվա սկզբից ընկերության եկամուտն աճել է 8,5 տոկոսով, ընդհանուր առմամբ տարվա սկզբից ավտոկոնցեռնը վաճառել է 10,14 միլիոն ավտոմեքենա։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ «դիզելային սկանդալի» հետևանքների առնչությամբ Volkswagen-ը սկսել է կրճատել աշխատակիցներին և նվազեցնել արտադրության ծավալները։

Volkswagen-ը «դիզելային սկանդալի» պատճառով մոտ 4 մլրդ դոլարի կորուստ է կրել