ԱՄՆ-ն Volkswagen-ին մեղադրել է Audi-ի և Porsche-ի թեստերը կեղծելու համար

09:39 • 03.11.15

ԱՄՆ-ի իշխանությունները երկրորդ անգամ մեղադրել են գերմանական Volkswagen ավտոկոնցեռնին վնասակար նյութերի արտանետումների ցուցանիշները նվազեցնելու համար, գրում է korrespondent.net-ը։

 

ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը և Օդային ռեսուրսների կալիֆոռնիական խորհուրդը հայտարարել են, որ Volkswagen-ը ծրագրային հավելված է ներդրել մի քանի հազար Audi, Porsche և VW մեքենաներում, ինչը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել հաշվետվությունների արդյունքներն իրական շահագործման համեմատ։

 

Խոսքն այնպիսի մոդելների մասին է, ինչպես՝ 2014 թվականի VW Touareg-ը, 2015 թվականի Porsche Cayenne-ը, ինչպես նաև 2016 թվականի Audi A6 Quattro-ն, Quattro A7-ը, A8-ը և Q5-ը։

 

Նոր մեղադրանքներն ընկերությանը սպառնում են հերթական խոշոր ֆինանսական կորուստներով:  Ընկերությանը կարող է սպառնալ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար մինչև 37,5 հազար դոլարի չափով տուգանք: Դա նշանակում է, որ ավելի վաղ բացահայտված նմանատիպ խախտումների համար մի քանի միլիարդ դոլարի տուգանքին կարող է ավելանալ ևս 375 միլիոն դոլար։

 

Volkswagen-ը հերքում է մեղադրանքները և հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել ամերիկյան կարգավորիչների հետ։

 

ԱՄՆ-ն Volkswagen-ին մեղադրել է Audi-ի և Porsche-ի թեստերը կեղծելու համար