А321 օդանավում պայթյուն է տեղի ունեցել. առաջին տվյալները «սև արկղերից»
Եգիպտոսում կործանված ռուսաստանյան «Կոգալիմավիա» ընկերության А321 օդանավում պայթյուն է տեղի ունեցել:
France 2 հեռուստաալիքին այս տեղեկությունը հայտնի է դարձել օդանավի «սև արկղերի» ձայնագրությունների հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրից: Ըստ այդմ` ֆիքսված պայթյունը տեխնիկական բնույթի չէ` կապված չէ շարժիչի խափանման հետ:
Լրատվամիջոցի տվյալներով` «սև արկղի» ֆիքսած ինֆորմացիայի վերծանումից հայտնի է դարձել նաև, որ պայթյունը եղել է անսպասելի և ուժեղ:
Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայ թերակղզում կործանվել էր А321 օդանավը, ինչի հետևանքով 224 մարդ էր զոհվել, հիմնականում` Ռուսաստանի քաղաքացիներ: Աղետի վերջնականապես հաստատված պատճառները անհայտ էին համարվում, չնայած Սպիտակ տունը, բրիտանական հետախուզությունը հայտարարել էին,որ իրենց տվյալներով տեղի է ունեցել պայթյուն:










