ԵՄ-ՀՀ նոր փաստաթղթում կարտացոլվեն այն ոլորտները, որոնք համատեղելի կլինեն ՀՀ միջազգային պարտավորություններին. փոխնախարար

20:40 • 06.11.15

Փաստաթուղթը, որը պիտի բանակցվի, ստորագրվի, պետք է ամբողջությամբ արտացոլի Հայաստան Եվրամիություն հարաբերությունների խորքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն ու եվրոպացի գործընկերները հանձնառու են ընդլայնել համագործակցությունը, քաղաքական, խորը և համապարփակ հարաբերությունները բոլոր այն հնարավոր բնագավառներում, որոնք համատեղելի կլինեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

 

- Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո արևմտամետ գործիչները համոզմունք էին հայտնում, որ ԵՄ-ն այլևս Հայաստանին որպես վստահելի գործընկեր չի դիտարկում: Հիմա, սակայն, Հայաստան-ԵՄ հարաբերությունները դրվում են նոր մակարդակի վրա: Ինչո՞ւ է Եվրամիությունը շարունակում հետաքրքրվել Հայաստանով:

 

- Եվրամիության կողմից որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն՝ անվստահության վերաբերյալ երբևէ չի եղել: Հակառակը, Եվրամիության կողմից մշտապես նշվել է, որ իրենք հարգում են Հայաստանի որոշումը՝ մասնակցել ինտեգրացիոն տարբեր գործընթացներին, անդամակցել՝ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին օրերս նշել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:
 

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն իրավական նոր փաստաթղթին, ապա ասեմ, որ ակնկալվում է բանակցությունները սկսել մինչև տարվա վերջ: Մինչ այդ տեղի է ունեցել մտքերի փոխանակում պարզելու համար հարցերի այն շրջանակը, որը կներառվի իրավական նոր փաստաթղթում: Մտքերի փոխանակության իմաստն այն էր, որ ի հայտ բերվեն համատեղելի տարրերը՝ մի կողմից ԵՄ ապագա համագործակցության առումով, ոլորտային ուղղություններով, մյուս կողմից՝ հաշվի առնել ՀՀ ստանձնած պարտականությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող պարտավորությունից:
 

Հույս ունեմ, որ բանակցությունները կընթանան սահուն: Չգիտեմ՝ ժամանակային առումով որքան կձգվեն բանակցությունները, բայց ուզում եմ լավատես լինել, որ դրանց համար շատ երկար ժամանակ չի պահանջվի:

 

- Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ նոր փաստաթուղթն ավելի ցածր մակարդակ կունենա, քան Ասոցացման համաձայնագիրը: Ինչո՞վ է տարբերվելու իրավական նոր շրջանակը նախորդից:


- Փաստաթուղթը, որը պիտի բանակցվի, ստորագրվի, պետք է ամբողջությամբ արտացոլի Հայաստան Եվրամիություն հարաբերությունների խորքը, էությունը:

 

- Որքա՞ն խորն է լինելու այդ համագործակցությունը:

 

- Դրա մասին շատ է խոսվել նաև բարձր մակարդակով: Մենք, եվրոպացի մեր գործընկերների հետ, հանձնառու ենք ընդլայնել համագործակցությունը, քաղաքական, խորը և համապարփակ հարաբերությունները բոլոր հնարավոր բնագավառներում: Այն ոլորտները, որոնք համատեղելի կլինեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին՝ կարտացոլվեն նոր փաստաթղթում:
 

- Ո՞ր բնագավառներում է համագործակցությունը հակասելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Հարաբերությունների խորացման սահմանը մինչև որտե՞ղ է:


- Ինքս մասնակցել եմ մտքերի փոխանակման գործընթացին, որը սկսվեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին և տևեց շուրջ չորս ամիս, և կարող եմ ասել, որ այս ընթացքում մենք արձանագրեցինք, որ կան բավականաչափ բնագավառներ, որոնք համատեղելի են և չեն հակասում ԵՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին: Հուսամ, որ ամբողջ գործընթացը կհիմնվի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Ուզում եմ հավաստիացնել՝ ՀՀ-ԵՄ ապագա իրավական հիմքը լավագույնս է արտացոլվելու:
 

- Ինչո՞ւ ԵՄ-ն, ըստ Ձեզ, վերանայեց արևելյան գործընկերության քաղաքականությունը:


- Այո՛, տևական ժամանակ է, որ Եվրոպական հանձնաժողովը վերանայում է եվրոպական քաղաքականությունը: Այս գործըթնացին մասնակցում են նաև արևելյան գործընկերության պետությունները: Սրա նպատակն է առաջ բերել այն առաջնահերթությունները, որոնք կարտացոլվեն հետագա համագործակցության ժամանակ: Հայաստանի համար միշտ կարևոր է եղել և շարունակում է կարևոր մնալ տարբերակված մոտեցումը, ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքի պահպանումը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին առավել խորացնել բարեփոխումների գործընթացը: Խոսքը՝ արդարադատության, մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ հարցերի մասին է:

 

- Պարո՛ն Նազարյան, Դուք սա դիտարկում եք որպես Ձեր կողմից բազմիցս խոսվող «և-և»-ի քաղաքականությո՞ւն:

 

- Այո՛:

 

 

ԵՄ-ՀՀ նոր փաստաթղթում կարտացոլվեն այն ոլորտները, որոնք համատեղելի կլինեն ՀՀ միջազգային պարտավորություններին. փոխնախարար