Պաշտոնապես ներկայացվել է Lada XRay նոր մոդելի արտաքին տեսքը
Ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Lada XRay նոր մոդելի արտաքին տեսքը, գրում է gazeta.ru-ն։
Ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում, Lada XRay-ը կոմպակտ բարձր հեթչբեք է՝ SUV ոճով իրականացված: Ավտոմեքենան կդառնա Vesta-ից հետո Lada-ի երկրորդ մոդելը։
Ավտոմեքենան ստեղծվել է Renault - Nissan դաշինքի հետ համագործակցության շրջանակում В0 հարթակի հիման վրա և իր մեջ կրում է ավելի քան 500 օրիգինալ մաս։
Սերիական արտադրություն սկսելուց առաջ նախատեսվում է թողարկել մոտ 180 թեստային ավտոմեքենա, որոնք կօգտագործվեն հավաքման տեխնոլոգիաները մշակելու, համակարգերի և ագրեգատների կարգավորման, անվտանգության, հուսալիության և ամրության ստուգման համար:
Այժմ արդեն թողարկվել է 109 թեստային ավտոմեքենա:
Մոդելի սերիական արտադրությունը կսկսվի 39 օր անց՝ դեկտեմբերի 15-ին։ Lada XRay-ի վաճառքը նախատեսված է 2016 թվականի փետրվարին։ Ավտոմեքենայի ներքին հարդարանքը կներկայացվի ավելի ուշ։











