Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներին 2016 թ. բյուջեից կհատկացվի շուրջ 262 մլն դրամ
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց այս ոլորտներին հատկացվող միջոցները:
Նրա խոսքով՝ այս ոլորտներին ընդհանուր առմամբ 2016 թ. պետական բյուջեի նախագծով կհատկացվի 26,238.5 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է. նախորդ տարի այն կազմել է 28,282.0 մլն դրամ: Նվազումն ըստ նրա պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտով:
Կոնկրետ կրթության ոլորտին հատկացվելու է 131,939 մլն դրամ, որը 6,5 մլն-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Ըստ Սաֆարյանի՝ ավելացումը պայմանավորված է միայն աշխատավարձերի բարձրացմամբ՝ 2,460 մլն-ով և էլէներգիայի սակագնի բարձրացմամբ, մնացած ծախսերը պահպանվել են նույն մակարդակում՝ մի փոքր տեղաբաշխվելով:
Հանրակրթության ոլորտին, որի գծով 2016 թ-ին նախատեսվել է հատկացնել 76,702.4 մլն դրամ և կա ծախսերի աճ: «Ներառական կրթություն» ծրագրի գծով նախատեսվել է 3,108.2 մլն դրամ: Հատուկ կրթության և մասնագիտացված հանրակրթական ուսուցման գծով նախատեսվել է հատկացնել 5,659.6 մլն դրամ:
Ի դեպ, նա նշեց, որ ՀՆԱ-ի մեջ կրթության ծախսերը կրճատվել են 2,42%-ով:
Գիտության ոլորտի համար 2016 թ պետական բյուջեի նախագծով կհատկացվի շուրջ 14.313.8 մլն դրամ, գումարները ավելացվել են 2,3 մլն դրամով, որը 1,63% է կազմում:
Փոխնախարարը թվարկեց նաև հանգստին, մշակույթին և կրոնին հատկացվելիք գումարները:
«Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի 2016 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները կազմում են 26,238.5 մլն դրամ: Հանգստի և սպորտի ծառայությունների համար նախատեսված է տրամադրել 1,838.5 մլն դրամ հատկացումներ: Մշակութային ծառայությունների համար 2016 թ. նախատեսված է 13,627.4 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է, քանի որ 2015 թ. այն կազմում էր 15,539.8 մլն դրամ»,-ասաց նա:
Ֆինանսների փոխնախարարը խոսեց նաև ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների հատկացվելիք գումարների մասին և տեղեկացրեց, որ այս տարի ոլորտին կտրամադրվի 8,631.5 մլն դրամ: Նրա խոսքով՝ հեռուստառադիոհաղորդումների գծով 2016 թ. նախատեսված է տրամադրել 7,107.9 մլն դրամ:










