15-ամյա հույնն ինքնուրույն իրական չափերի հումանոիդ ռոբոտ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Հույն դեռահաս Դիմիտրիս Հացիսը դարձել է իրական չափերի հումանոիդ ռոբոտ ստեղծած աշխարհում ամենաերիտասարդ մարդը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, 15-ամյա պատանին տեխնոլոգիական «հրաշքը» ստեղծել է 3D տպման տեխնոլոգիայի միջոցով: Ընդհանուր առմամբ, նա 1.400 ժամ է ծախսել նախագիծը կազմելու, փորձարկումներ անելու և ռոբոտին մաս առ մաս տպելու, հետո` հավաքելու վրա։
Աղբյուրը մանրամասնում է, որ մոտ 1 տարվա ընթացքում Դիմիտրիսը 475 դետալ է տպել` օգտագործելով 1 կմ պլաստիկ: Այս քրտնաջան, սակայն հետաքրքիր աշխատանքի արդյունքում ստեղծվել է Թրուֆի անունով հումանոիդ ռոբոտը:
1.85 մ հասակով ռոբոտը կարողանում է ազատորեն շարժել աչքերը, գլուխը, ձեռքերը, անթերի խոսում է անգլերեն ու նաև կրկնօրինակում է մարդու շարժումները։














