Ճապոնական առաջին ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռն անցել է առաջին փորձարկումները

12:51 • 07.11.15

Ճապոնական առաջին ռեակտիվ ուղևորատար MRJ ինքնաթիռը (Mitsubishi Regional Jet) շաբաթ օրը բարեհաջող կերպով անցել է մինչև ժամում 220 կիլոմետր արագություն բացելու փորձարկումները, գրում է РИА Новости-ն։

 

Ուրբաթ և շաբաթ օրերին Mitsubishi Aircraft Corporation ընկերությունը հասել է ինքնաթիռի մեծ արագություն բացելուն, ինչի արդյունքում օդանավն առաջին անգամ կարողացել է գետնից պոկել առաջնային անիվները։ Օդանավակայանում հավաքվել են ճապոնական ավիացիայի «նորեկի» երկրպագուները։

 

Ամբողջությամբ Ճապոնիայում արտադրված Mitsubishi Regional Jet առաջին ռեակտիվ ինքնաթիռի առաջին մասերը ստեղծվել են հինգ տարի առաջ։ Առաջին թեստային թռիչքը նախատեսվել էր այս տարվա մայիսին, սակայն տեխնիկական պատճառներով այն բազմիցս հետաձգվել է։ Ինչպես հայտնել են ընկերությունում առկա աղբյուրները, շաբաթ օրն անցկացված փորձարկումները պետք է եզրափակիչ փուլ դառնան MRJ-ի թեստային թռիչքից առաջ, որը պլանավորվում է իրականացնել նոյեմբերի 9-ից 15-ը։

 

Ակնկալվում է, որ պատվիրատուները կկարողանան ինքնաթիռը շահագործել արդեն 2017 թվականին։

Ճապոնական առաջին ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռն անցել է առաջին փորձարկումները