100 տոննա. օվկիանոսն Օրեգոնի ափ է նետել հազվագյուտ կապույտ կետ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի լողափերից մեկում հայտնաբերվել է օվկիանոսային ալիքների կողմից ցամաք նետված հազվագյուտ կապույտ կետ, որն ունի 24 մ երկարություն և կշռում է 100 տոննա:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, գիտնականների կարծիքով՝ ահռելի կաթնասունը նախքան ցամաք նետվելն արդեն 2 շաբաթ սատկած է եղել: Ըստ մասնագետների՝ պատճառը Էլ Նինյո կամ Հարավային տատանում կլիմայական երևույթն է, որը ձևավորվում է Խաղաղ օվկիանոսում։
Կետի մարմնի վրա հայտնաբերված շնաձկան կծածների հետքերը վկայում են, որ կենդանին ֆիզիկապես այնքան է թուլացել, որ դարձել է անհամեմատ ավելի մանր գիշատիչների հարձակման թիրախ:
Բացի այդ, Էլ Նինյոյի պատճառով զգալի քչացել է մանր ծովախեցգետինների քանակը, որոնք կապույտ կետի հիմնական սնունդն են հանդիսանում: Այս հանգամանքը ևս նպաստել է կենդանու թուլացմանը։
Աղբյուրը հավելում է, որ ներկայում կենդանուն հերձում և ուսումնասիրում են Օրեգոնի պետական համալսարանի ծովային կաթնասունների ինստիտուտի մասնագետները:













