Հնդկաստանն ու Թուրքիան առաջատար են արգելափակման հարցով Facebook-ին ուղղված դիմումների քանակով
Հնդկաստանն առաջին տեղն է զբաղեցրել սահմանափակման և բովանդակության արգելափակման մասին Facebook ընկերությանն ուղղված իշխանությունների դիմումների թվով։ Այդ մասին վկայում են Facebook-ի իրականացրած հետազոտության տվյալները, գրում է РИА Новости-ն։
Facebook-ը նման վիճակագրություն է ներկայացնում տարին երկու անգամ: Վերջին հետազոտությունն անց է կացվել 2015 թվականի հունվարից մինչև հունիս։
Հնդկաստանի իշխանությունների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 5.115: Ընդ որում՝ նրանց խնդրանքով Facebook-ը սահմանափակել է 15.155 միավոր բովանդակության մուտքը։
«Մենք սահմանափակել ենք Հնդկաստանում բովանդակության մուտքը, որի մասին հայտնել են առաջին հերթին Հնդկաստանի իրավապահ մարմինները և Տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարարությունում համակարգչային միջադեպերի արձագանքման խումբը, քանի որ դա եղել է հակակրոնական և ատելություն սերմանող բնույթի բովանդակություն և կարող էր անկարգություններ առաջացնել Հնդկաստանի ներսում»,- ասված է տվյալների մեկնաբանությունում:
Հնդկաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ նման դիմումներով զբաղեցնում է առաջին տեղը: 2015 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով երկրորդ տեղում է հայտնվել Թուրքիան՝ 4.496 դիմումով, որին հաջորդում է Ֆրանսիան՝ 295։










