«Լույս»-ի շրջանավարտը մշակել է հողագործների ծախսերը նվազեցնող ծրագիր

10:37 • 13.11.15

Անօդաչու թռչող սարքերի նախագծման մեջ մասնագիտացած Արմեն Մկրտչյանը աշխատում է մի ծրագրի վրա, որով հայ գյուղատնտեսներին կտրվի տեղեկատվություն իրենց կողմից մշակվող հողի որակի մասին։
 

Դրանով հնարավոր կլինի բարձրացնել բերքատվությունը և նվազեցնել մի շարք ռեսուրսների օգտագործումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ամերիկյան համալսարանի Նորարարության և տեխնոլոգիաների ինկուբացիոն կենտրոնի տնօրեն, «Լույս»-ի շրջանավարտ Արմեն Մկրտչյանը նշեց, որ ներկայում սարքերի թեստավորման վրա է աշխատում: «Ծրագիրը կմեկնարկի Արմավիրի մարզում մի պարզ պատճառով, որ ես այնտեղ ապրել եմ: Նախագծի հիմնական նպատակը հող մշակողներին ավելի շատ ինֆորմացիա տալն է իրենց դաշտի վերաբերյալ. թե դաշտավայրի որ մասն է ավելի առողջ, որ մասն ինչքան պարարտանյութի ու թունաքիմիկատի կարիք ունի, որ հատվածին է ավելի շատ ջուր անհրաժեշտ և այլն: Ողջ տեղեկատվությունը համախմբված տեսքով պետք է տրամադրվի ֆերմերներին, որ նրանք ավելի ճիշտ որոշումներ կայացնեն իրենց հողի կառավարման հարցերում»,-ասաց Արմեն Մկրտչյանը:


Նա շեշտեց, որ նշյալ տեղեկատվությունը պետք է ստանան անօդաչու թռչող սարքերի` «Ագրոդրոն»-ների միջոցով: Ավտոմատ կառավարվող սարքը թռչում է դաշտերի վրայով և լուսանկարում դրանք, այնուհետև համակարգչային ծրագիրը վերլուծում է այդ նկարներն ու քարտեզի միջոցով դուրս բերում դաշտավայրի որակական բնութագիրը: Գյուղատնտեսների ցանկությամբ հնարավոր կլինի տեղեկատվությունը տրամադրել համացանցի միջոցով կամ ուղղակի ձևով:


Նախագծի հեղինակի խոսքով` գյուղատնտեսներին ավելի շատ հետաքրքրում է, թե  հողի որ հատվածներում ինչքան թունաքիմիկատ օգտագործեն: «Եթե առաջ թունաքիմիկատը ողջ դաշտին նույն մակարդակով էին ցանում, ապա հիմա, որպեսզի հողատիրոջ ծախսերը կրճատենք, ասում ենք դաշտի այս հատվածին պետք չէ այդքան պարարտանյութ տալ, ավելի լավ է այն կենտրոնացնել մեկ այլ հատվածի վրա: Դրանով բերքատվությունն ենք բարձրացնում ու քչացնում ենք պարարտանյութի օգտագործումը: Մեր հաշվարկներով` 30 տոկոսով նվազում է ֆերմերի ծախսերը, 10-15 տոկոսով էլ բարձրանում բերքատվությունը»,-ըն գծեց Արմեն Մկրտչյանը:


Նույնը վերաբերում է նաև ջրային ռեսուրսների օգտագործմանը: Ոռոգման կաթիլային եղանակն ավելի արդյունավետ է, բայց թանկ է, իսկ հայ ֆերմերները ջրում են ամբողջ դաշտը միանգամից ու շատ հատվածներ ջուր ուղղակի չեն ստանում` կախված լանդշաֆտից, այդպիսով որևէ հատված անընդհատ ջրով չի սնուցվում: «Մեր կողմից տրվելիք տեղեկատվության միջոցով քարտեզի վրա երևալու են այդ հատվածները, և ֆերմերները համապատասխան գործողությունները կկարողանան կատարել»,-ավելացրեց Արմեն Մկրտրչյանը: Ինչ վերաբերում է առկա խնդիրները վերացնելու տեխնիկական լուծումներին, ապա դր անցով դեռ նորաստեղծ նախագիծը չի զբաղվում:
Արմեն Մկրտչյանը երկու տարի սովորել է Երևանի պետական  համալսարանի  (ԵՊՀ)  ռադիոֆ զիկայի ֆակուլտետում` հիմնարար  գիտելիքներ ձեռքբերելով  մաթեմատիկայի, ճարտարագիտության և ֆիզիկայի բնագավառներում։ Այնուհետ` 2006-ին, տեղափոխվել է Գրանդ Ֆորկս ` Հյուսիսային Դակոտայի  համալսարանի  էլեկտրական ինժեներիայի բակալավրական ծրագրով սովորելու:


Հյուսիսային Դակոտայում սովորելու ընթացքում մի շարք մրցանակներ է ստացել, այդ թվում` «Ամենանորարար ինժեներական դիզայն» (2009) և «Բացառիկ ուսանող» (2008, 2009)մրցանակները:


2009 թվականից սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի օդագնացության և աստղագնացության բաժնի մագիստրատուրայում: Ուսումնասիրությունները կենտրոնացրել է ավտոմատ կառավարվող օդային  տրանսպորտային  միջոցի  և  մարդու  փոխազդեցության վրա: Նույն բուհի ասպիրանտ է:

«Լույս»-ի շրջանավարտը մշակել է հողագործների ծախսերը նվազեցնող ծրագիր