Battlefield տեսախաղի ստեղծողները «կանխատեսել» են նոյեմբերի 13-ի ահաբեկչությունները
2011 թվականին թողարկված Battlefield տեսախաղի երրորդ հատվածի ստեղծողները պատահաբար կանխատեսել են Փարիզում նոյեմբերի 13-ի ողբերգական իրադարձությունները, հաղորդում է lenta.ru-ն։
«Զենքի եղբայրներ» առաքելությունում խաղի գլխավոր հերոսը՝ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Դմիտրի Մայակովսկին, իր փոքրաթիվ թիմի հետ փորձում է կանխել Ֆրանսիայի մայրաքաղաքում միջուկային ռումբի պայթյունը։ Գլխավոր ոճրագործը Սողոմոն ահաբեկիչն է։
Ռուսական հատուկ նշանակության ջոկատը փրկարարական գործողությունն անցկացնում է հենց նոյեմբերի 13-ին, պարզապես՝ 2014 թվականի։ Սյուժեի համաձայն՝ ահաբեկչությունը չի հաջողվում կանխել, մեծ թվով մարդիկ են մահանում։
Ահաբեկչության դեմ պայքարի մասին պատմող խաղը ստեղծել է շվեդական Dice ընկերությունը։ Առաջին տարվա ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է մոտ 15 միլիոն օրինակ։










