Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու է Facebook-ը միայն այժմ ներդրել «անվտանգության ստուգում» գործառույթը

11:28 • 16.11.15

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու է սոցիալական ցանցն «անվտանգության ստուգում» նոր գործառույթը ներդրել Փարիզի ահաբեկչություններից հետո, այլ ոչ Բեյրութի արվարձանում տեղի ունեցած պայթյուններից հետո, գրում է РИА Новости-ն։

 

Տվյալ գործառույթը թույլ է տալիս Facebook-ի օգտատերերին հայտնել այն մասին, որ նրանք անվտանգության մեջ են և չեն տուժել։

 

«Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ ենք մենք միացրել «անվտանգության ստուգումը» Փարիզի համար, բայց ոչ Բեյրութում և այլ վայրերում տեղի ունեցած պայթյունների համար»,- գրել է Ցուկերբերգը Facebook-իր էջում՝ բացատրելով, որ այդ գործառույթը ստեղծվել է միայն բնական աղետների համար, իսկ այժմ «այն հարմարեցնում են նաև մարդկային աղետների համար»։

 

«Շնորհակալություն բոլորին, ովքեր դիմում են նման հարցերով և խնդիրներով: Դուք ճիշտ եք, որ աշխարհում կան շատ այլ կարևոր հակամարտություններ: Մենք հոգ ենք տանում բոլոր մարդկանց մասին հավասարապես, և մենք կաշխատենք մարդկանց օգնել տարբեր իրավիճակներում՝ որքանով դա հնարավոր լինի»,- հայտնել է Ցուկերբերգը։

 

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է 132 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել։

 

 

Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու է Facebook-ը միայն այժմ ներդրել «անվտանգության ստուգում» գործառույթը