Anonymous-ի հաքերները Twitter-ում ԻՊ-ի գրոհայինների ավելի քան 5.000 էջ են կոտրել

15:11 • 17.11.15

Anonymous խմբի հաքերները, որոնք երեկ վիրտուալ պատերազմ էին հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, Twitter սոցցանցում հայտնել են գրոհայինների ավելի քան 5 հազար էջ կոտրելու մասին, գրում է ntv.ru-ն։

 

Նախօրեին տարածված տեսանյութում նրանք հայտարարել էին, որ վրեժ կլուծեն Փարիզում իրականացված ահաբեկչությունների համար՝ գրոհայինների հետ կապված ինտերնետային ռեսուրսների վրա զանգվածային կիբեռհարձակումներ կատարելով։

 

Տեսանյութում խմբի անդամներից մեկը նախազգուշացնում է «Իսլամական պետության» անդամներին, որ ինքը պատրաստվում է հետապնդել նրանց։ Տեսանյութում ասվում է, որ խումբը «կմիավորի մարդկությանը» գործողության մեջ, որը հաքերության կդիմի «խմբին թուլացնելու համար»։

 

«Ողջ աշխարհից անոնիմուսները ձեզ կհետապնդեն: Դուք պետք է իմանաք, որ մենք կգտնենք ձեզ և թույլ չենք տա, որ հեռանաք»,- ասվում է տեսանյութում։

 

«Մենք երբևէ իրականացված ամենամեծ գործողությունը կսկսենք ձեր դեմ: Սպասե՛ք մեծ կիբեռհարձակումների: Պատերազմը հայտարարված է: Պատրաստվե՛ք: Ֆրանսիացիներն ավելի ուժեղ են, քան դուք, և այս վայրագությունից հետո է՛լ ավելի ուժեղ կլինեն»,- ասված է տեսանյութում։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է 129 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել: