Չինաստանում կենդանիների կլոնավորման խոշորագույն գործարան կկառուցեն
Չինաստանի Տյանցզին նահանգում մտադիր են կառուցել կենդանիների կլոնավորման ամենամեծ գործարանն աշխարհում: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են նահանգի տնտեսական և տեխնիկական զարգացման հանձնաժողովից:
Ձեռնարկությունը, որի կառուցման համար 200 մլն յուան (31.3 մլն դոլար) կներդրվի, կներառի լաբորատորիան, կենդանիների կլոնավորման կենտրոնը, «գենետիկ բանկը» և ցուցասրահը:
Ինչպես նշվում է` հիմնական շենքի կառուցումն արդեն սկսվել է: Կլոնավորման ենթակա կենդանիների շարքում են ծառայողական և ընտանի շները, կովերը և մրցարշավային ձիերը:
Ենթադրվում է, որ գործարանի արտադրության մի մասը կհանվի վաճառքի:
Չինաստանում կենդանիների կոմերցիոն կլոնավորմամբ զբաղվող առաջին գործարանը ստեղծվել է 2014-ին, որի առաջին արտադրանքն է եղել տիբեթյան «մաստիֆ» ցեղատեսակի 3 զտարյուն շունը:










