Google-ը ստեղծել է «Աստղային ճանապարհ» ֆիլմից հայտնի կոմունիկատորի կրկնօրինակը
Ամերիկյան Google ընկերությունը ստեղծել է սարք, որը կրկնօրինակում է «Աստղային ճանապարհ» հայտնի հեռուստասերիալից կրծքին ամրացվող կոմունիկատորը, գրում է lenta.ru-ն։
Google Search-ի ավագ փոխնախագահ Ամիթ Սինգալը նկարագրել է սարքի ստեղծումը և բացատրել, որ որոշել են վերարտադրել սարքը՝ բջջային սարքավորումներում ձայնային որոնման գործառույթի հասանելիության նոր միջոցներ ստուգելու նպատակով:
Ընկերությունում կարծում են, որ կրծքին ամրացվող սարքն օգտատերերին կազատի Google Search-ին դիմելու համար գրպանից սմարթֆոնը հանելու անհրաժեշտությունից։
Սարքավորման մեջ ներդրվել է բարձրախոս և Bluetooth-մոդուլ՝ հեռախոսի հետ կապի համար։ Ենթադրվում էր, որ ձայնային օգնականի պատասխանը կփոխանցվի կամ ականջակալների, կամ ներդրված դինամիկների միջոցով։
Սարքը դեռ գոյություն ունի միայն նախատիպի տեսքով, դրա մշակումը կանգնեցվել է թեստավորման փուլում: Սինգալը չի բացատրել, թե ինչու Google-ում չեն ավարտել նախագիծը։










