Գիտնականները գրեթե բացահայտել են Թութանհամոնի դամբարանի առեղծվածը

23:50 • 28.11.15

Եգիպտոսում գիտնականները հնարավոր է լուծել են Թութանհամոն փարավոնի դամբարանի առեղծվածը:

 

Russia Today-ը հայտնում է, որ գիտնականները 90 տոկոսի հավանականությամբ պնդում են, որ Եգիպտոսի Արքաների հովտում Թութանհամոնի դամբարանում մեկ` անհայտ սրահ կա: Ավելի վաղ գիտնականները ենթադրություն էին հայտնել, որ դա Եգիպտոսի մեկ այլ լեգենդար տիրակալի` Նեֆերտիտիի դամբարանն է:

 

Նեֆերտիտիի դամբարանը գտնելու հավանականության մասին գիտնականները նորից խոսել են Թութանհամոնի դամբարանի տարածքի սքանավորումը ավարտելուց հետո: Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարը հաստատել է նոր սրահի հայտնաբերման մասին լուրերը, իսկ գիտնականները գրեթե համոզված են, որ այնտեղ Էհնաթոն փարավոնի գլխավոր կնոջ` Նեֆերտիտիի հուղարկավորության սրահն է:

 

Աղբյուրը արդեն իսկ խոսում է այն մասին, որ Նեֆերտիտիի աճյունի հայտնաբերումը կլինի 21-րդ դարի մեծագույն գիտական հայտնագործությունը:

 

Թութանհամոնը` Եգիպտոսի «մանուկ տիրակալը», մահացել էր մ.թ.ա. 1324թ-ին 19 տարեկանում` երկիրը 9 տարի կառավարելուց հետո՝ առեղծվածային հանգամանքներում: Նա ավելի հայտնի է իր հուղարկավորության սրահով, 11 կգ-անոց ոսկե «մահադիմակով»:


Նեֆերտիտին Եգիպտոսում թագավորել է մ.թ.ա 1351-1334-ին, նրա անունը թարգմանաբար նշանակում է «գեղեցկուհին եկավ»: Ըստ որոշ տեսությունների` նա Թութանհամոնի մայրն էր:

Գիտնականները գրեթե բացահայտել են Թութանհամոնի դամբարանի առեղծվածը