Հայաստանը 76-րդ հորիզոնականն է զբաղեցրել համացանցի որակի համաշխարհային վարկանշային աղյուսակում

14:21 • 03.12.15

Mesuaring the Information Society-ն ներկայացրել է հերթական զեկույցը, որը վերաբերում է տարբեր երկրներում համացանցի որակին։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, վերջին անգամ Mesuaring the Information Society-ն այսպիսի զեկույց ներկայացրել է 2010թ.:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ համացանցի որակն այս կամ այն երկրում գնահատվել է 10 բալանոց սանդղակով: Մասնագետները հաշվի են առել ինտերնետ ծառայությունների արագությունը, մատչելիությունը, արժեքը, համացանցից օգտվելու համար նախատեսված համապատասխան սարքերի տարածվածությունը և մի շարք այլ կարևոր գործոններ:

 

Հայտնի է, որ մասնագետների կազմած վարկանշային աղյուսակում առաջատարը Հարավային Կորեան է` 8.93 միավորով: Այս երկրին հաջորդում են Դանիան և Իսլանդիան` 8.88 և, համապատասխանաբար, 8.86 միավորներով: Մինչդեռ վարկանշային աղյուսակի վերջին 3 հորիզոնականները զբաղեցնում են Եթովպիան` 1.45 միավորով, Էրիթրեան`1.22 միավորով, և Չադը` 1.17 միավորով:

 

Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է  167 երկիր, որոնց թվում Հայաստանը 5.35 միավորով զբաղեցրել է  76-րդ հորիզոնականը։ Հետաքրքրական է, որ մեր երկիրն ի տարբերություն 2010թ. 2 կետով բարելավել է իր դիրքերը:

 

Մինչդեռ Ռուսաստանը (6.91 միավոր), Ադրբեջանը (5.79 միավոր), Թուրքիան (5.58 միավոր), Վրաստանը (5.25 միավոր) և Իրանը (4.79 միավոր) զբաղեցրել են 45-րդ, 67-րդ, 69-րդ, 78-րդ  և, համապատասխանաբար, 91-րդ հորիզոնականները:

 

Ցանկը՝ այստեղ։

Հայաստանը 76-րդ հորիզոնականն է զբաղեցրել համացանցի որակի համաշխարհային վարկանշային աղյուսակում