Հայազգի գիտնականն անօդաչուներ է ստեղծում տարեցներին օգնելու համար
Ժամանակակից աշխարհում նորարարական տեխնոլոգիաները զարգանում են անասելի արագությամբ` զգալի հեշտացնելով մարդկանց կյանքը։ Այժմ դրանք փորձում են օգնություն տրամադրել նաև տարեց և հիվանդ մարդկանց:
Ինչպես նշում է The New York Times-ը, ԱՄՆ-ի Իլինոիսի համալսարանի գիտնական Նաիրա Հովակիմյանը վստահ է, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում տնային օգտագործման համար նախատեսված փոքրիկ անօդաչու թռչող սարքերը կլինեն հիվանդ ու տարեց մարդկանց համար անփոխարինելի օգնականներ:
Ներկայում Հովակիմյանը համալսարանական լաբորատորիայում ստեղծում և փորձարկում է այնպիսի անօդաչուներ, որոնք կկարողանան ապահով ու առանց որևէ դժվարության պարզ հանձնարարություններ կատարել։ Օրինակ` դրանք կկարողանան մյուս սենյակից բերել դեղի սրվակը, սեղանի կամ բազկաթոռի տակ ընկած իրը գտնել ու բարձրացնել և այլն։
«Վստահ եմ, որ նմանատիպ անօդաչուները 10-20 տարի անց դառնալու են սմարթֆոնների պես սովորական ու տարածված մի բան»,-ասել է Հովակիմյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները 1.5 մլն դոլար են տրամադրել Իլինոիսի համալսարանին` տվյալ նախագիծը զարգացնելու ու փորձարկելու համար։










