Դաշինքը կօգնի Թուրքիային հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու հարցում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

16:25 • 07.12.15

ՆԱՏՕ-ն կօգնի իր դաշնակիցներին, մասնավորապես՝ Թուրքիային հակաօդային պաշտպանության համակարգերը զարգացնելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մի քանի եվրոպական պարբերականների տված  հարցազրույցում:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, թե Թուրքիան դժվարին իրավիճակում է, քանի որ սահմանակցում է Իրաքին ու Սիրիային և դաշինքի անդամներից ամենից ավելին է տուժել Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով։

 

«ՆԱՏՕ-ն կնպաստի Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգի կատարելագործմանը։ Մենք ռազմական ներկայություն ունեինք Թուրքիայում Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից առաջ էլ: Մինչ Սուրբ Ծնունդ մենք Թուրքիայի համար գործողությունների փաթեթ կմշակենք»,- հայտարարել է Սթոլթենբերգը:

 

Պատասխանելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին հարցին՝ խփված ռազմական Սու-24 ինքնաթիռի կործանման պատճառով, դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու իր օդային տարածքը։

Դաշինքը կօգնի Թուրքիային հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու հարցում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար