Թուրք ամենահայտնի սուլթանի դամբարանը գտել են Հունգարիայում
Սուլեյման Փառահեղ օսմանյան սուլթանի դամբարանը հայտնաբերվել է Հունգարիայում: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել հունգարացի գիտնական Նորբերթ Փափը, հայտնում է Associated Press-ը:
Ըստ այդմ՝ Սուլեյման սուլթանի դամբարանի ավերակները գտնվել են Շիգեթվարի շրջանում, որտեղ եղել է սուլթանի վրանը 16-րդ դարում տեղի ամրոցի պաշարման ժամանակ:
Գիտնականը պնդում է, որ դա հենց հայտնի սուլթանի դամբարանն է «ամենայն հավանականությամբ», սակայն ավելի շատ պեղումներ անցկացնելու անհրաժեշտություն կա՝ գտածոյի իսկությունը հաստատելու համար: Պատմաբանները կարծում են, որ Սուլեյմանի սիրտն ու ներքին օրգանները թաղվել են այլ վայրում, և միայն մարմինն է բերվել Կ.Պոլիս: Հետաքրքրական է, որ նրա մահվան մասին զորքերին չեն հայտնել մոտ հիսուն օր, որպեսզի նրանք չդադարեցնեն հունգարական բերդի պաշարումը:
Սուլեյմանը եղել է Օսմանյան կայսրության ամենաերկար թագավորած տիրակալը՝ 46 տարի, նրա օրոք կայսրությունը հասել է իր առավելագույն հզորությանը: Այսօր լայն զանգվածներին Սուլեյման սուլթանը ավելի հայտնի է «Հոյակապ դարաշրջան» թուրքական սերիալից:










