Ամերիաբանկը և «Ռոբոտների կորպորացիան» Երևանում ներկայացրին աշխարհի լավագույն ռոբոտներին

12:51 • 09.12.15

Առաջին անգամ տարածաշրջանում բացվեց «Ռոբոտների շքերթ» յուրահատուկ ցուցահանդես-վաճառք՝ աշխարհի ամենահայտնի ռոբոտների մասնակցությամբ:


Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ՝ «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) անվանումը կրող նախագիծը Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերություն:


Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայրենական ռոբոտատեխնիկայի ոլորտում իրենց ավանդն ունեցած ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև «Ամերիա» ընկերությունների խմբի անձնակազմը:

Միջոցառման հյուրերն էին երեխաները, որոնց համար ցուցահանդեսի բացման արարողությունը դարձավ իսկական տոն: Ներկաներին իր կատարմամբ ողջունեց «Մանկական եվրատեսիլ-2015» երգի մրցույթի երկրորդ մրցանակակիր Միկա Վարոսյանը:

Ցուցահանդեսն անցկացվեց «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում:
«Ռոբոտների շքերթ»-ը հնարավորություն է ընձեռում աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին: Ներկայացված ռոբոտներն արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը և ռոբոտների ուսուցման համակարգերը:

Նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում՝ մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների և այլ հարցերում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը՝ հիմնական նպատակն է ծանոթացնել նոր ռոբոտներին, նրանց ստեղծման պատմությանը, ինչպես նաև ամբողջ ռոբոտատեխնիկայի ուղղության հետ:


«Այս միջոցառումը բարեգործական հաստիք ունի, հավաքագրված շահույթի մեծ մասը ուղղվելու է լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանը: Մենք մշտապես այդ ուղղությանն աջակցություն ենք բերել նախորդ տարիներին կազմակերպած աճուրդների միջոցով: Այս տարի որոշեցինք այս ձևով կազմակերպել, որը որ կլինի և՛ բարեգործական, և՛ ուսուցողական, ինչպես նաև ամանորյա նախաշեմին զվարճանք՝ երեխաների համար»,-հաղորդեց Արտակ Հանեսյանը:
«Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության տնօրեն Մարինա Լիվաշովան էլ լրագրողներին ասաց, որ միջոցառման ձևաչափը շատ հետաքրքիր է, քանի որ իր մեջ ներառում է ուսուցում և զվարճանք:

«Ինժեներական ստեղծագործական տեխնիկան հրաշալի է: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ այս ցուցահանդես-վաճառքից ստացվող հասույթն ուղղվելու է երեխաների բուժմանը: Հույս ունենք, որ «Ամերիաբանկի» հետ մեր համագործակցությունը կլինի երկարաժամկետ»,-նշեց «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության տնօրենը:


«Երևան մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանն էլ իր հերթին ընդգծեց, թե հուսով է, որ շատ մարդիկ կմասնակցեն այս ցուցահանդես-վաճառքին և հնարավորին չափով կկարողանան օգնել երեխաներին, ապա ողջունեց նախաձեռնությունը, քանի որ այն ուղղված է երեխաների առողջությանը:


«Իմանալով նախաձեռնության մասին՝ պատրաստակամություն հայտնեցինք տրամադրել տարածքը»,-ասաց նա:


Նշենք, որ այցելուները հնարավորություն ունեն անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, շփվել նրանց հետ, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:


Ցուցահանդեսում ներկայացված են Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի և ավելի քան 20 տարբեր երկրների ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման «Տեսպիան» հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից մեկն է, ինչպես նաև հատուկ թերապիայի առավելությունները կիրառող Պարոն, մատուցող ռոբոտ Յոշան, Ռոբոֆուտբոլը, Ռոբոտ Պինգ-Պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը: Սրա հետ մեկտեղ ներկայացված են հայկական ռոբոտոտեխնիկայի լավագույն նմուշները:
Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա: Ցուցահանդեսը կգործի 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 և 2016թ. հունվարի 1), «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200 դր. աշխատանքային օրերին և 3300 դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900 դրամ և 3900 դրամ: Կլինի նաև հատուկ սակագնային փաթեթ՝ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:

«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ:
 



Ամերիաբանկը և «Ռոբոտների կորպորացիան» Երևանում ներկայացրին աշխարհի լավագույն ռոբոտներին