Facebook-ը կթողարկի LinkedIn ցանցի մրցակից ծրագիր՝ համացանցում գործնական հաղորդակցության համար
Facebook ընկերությունը մոտակա ամիսներին կթողարկի նոր վեբ նախագիծ՝ Facebook at Work կորպորատիվ սոցիալական ցանց բիզնես հարցերի վերաբերյալ ընկերությունների աշխատակիցների շփման համար, գրում է ТАСС-ը:
Ծառայության շնորհիվ տարբեր կազմակերպությունների աշխատակիցները հնարավորություն կստանան շփվել իրար հետ, փոխանակվել փաստաթղթերով, ինչպես նաև գործնական կապեր հաստատել: Ծառայության թեստավորումը սահմանափակ հրավիրված մասնակիցներով սկսվել է դեռևս ընթացիկ տարվա հունվարից:
Նոր նախագծի դիզայնը նման է լինելու Facebook-ին: Օգտատերերը կունենան նորությունների ժապավեն, երկխոսություններ և «հավանել» գործառույթը: Դրա հետ մեկտեղ՝ ընկերությունը պատրաստվում է յուրաքանչյուր օգտատիրոջ համար մի քանի դոլարի չափով ամենամսյա վճարում գանձել՝ սոցցանցի լրացուցիչ հնարավորություններին հասանելություն ունենալու համար:
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել է, որ նոր վեբ նախագիծը կարող է հավակնել այսօր ամենախոշոր գործնական սոցիալական ցանց LinkedIn-ի շուկայի մի մասին:










