Վերջին երկու տարում Հայաստանում բում է արևի էներգիայի օգտագործման ոլորտում. Միխայիլ Մարտիրոսյան

14:22 • 11.12.15

«Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ասոցիացիա»-ի նախագահ Միխայիլ Մարտիրոսյանը և «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին խոսեցին Հայաստանի էներգետիկ անվտանգության և այլընտրանքային էներգիայի հեռանկարների մասին:


Միխայիլ Մարտիրոսյանը նշեց, որ այլընտրանքային ուղղությունները բազմազան են: «Վերջին երկու տարում Հայաստանում ուղղակի բում է  այդ ոլորում, ամեն տարի 30-40 տոկոս աճ է գրանցվում»,- ասաց նա և նշեց, որ ջրատաքացման համակարգերը մոտավորապես հինգ տարվա հետգնման ժամկետ ունեն, իսկ շատ ավելի լուրջ համակարգերը՝15-20 տարվա:


«Մենք արևի երկիր ենք, հարուստ ենք արևով և 70 տոկոս ավելի արև ունենք, քան Գերմանիան, իսկ Գերմանիայում այդ համակարգը գիտեք ինչպես է զարգացած»,- ասաց նա և նշեց, որ այդ ռեսուրսը Հայաստանն ունի և մնում է ներդրում անել և ստանալ էներգիայի օգուտը:


Արմեն Պողոսյանը նշեց, որ եթե ատոմակայանը վեց ամիս չաշխատի, մենք կհայտնվենք քարե դարում: Անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատանքներին՝ Արմեն Պողոսյանն ասաց, որ այնտեղ շատ մեծ չարաշահումներ կան: «ՀԷՑ-ն ունի մեծ պարտքեր, և պարտքը պետք է կրի սեփականատերը, իսկ այն ռուսական կազմակերպություն է, սակայն քանի որ այդ պարտքերը վերցնելու համար երաշխավորը եղել է Հայաստանի կառավարությունը, հետևաբար կառավարությունը ևս ունի պատասխանատվություն»,- ասաց նա:


Ըստ նրա, եթե նախագահը հրավիրում է հանդիպման, և հրաժարվում են, նշանակում է, որ ասելիք չունեն: «Իսկ մենք ասելիք ունենք, մեր ասելիքն է այն է, որ այդ չարաշահումները նվազեցվեն»,- ասաց նա:

Վերջին երկու տարում Հայաստանում բում է արևի էներգիայի օգտագործման ոլորտում. Միխայիլ Մարտիրոսյան