Faraday Future. ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների շուկայում նոր խաղացող է ի հայտ եկել, որը ձեռնոց է նետում Tesla-ին

19:37 • 13.12.15

ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների շուկայում նոր խաղացող է ի հայտ եկել՝ Tesla Motor-ի  անմիջական մրցակից հանդիսացող ընկերություն, որը խոստանում է  ներկայացնել «ապագայի տրանսպորտային միջոցը»:

Business insider-ը տեղեկացնում է, որ Faraday Future ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 2  տարի առաջ և ակտիվ աշխատանքներ սկսել այս ամառ,  մտադիր է իր առաջին էլեկտրական մեքենան ներկայացնել 2017-ին:

Ըստ աղբյուրի՝ Faraday Future-ի հետևում կանգնած է չինացի միլիարդատեր Ցզյա Յետինգը:

Ընկերությունն արդեն խանութ է բացել Կալիֆորնիայում: Այն 500 աշխատակից ունի 40 երկրներում, որոնց թվում են նաև Tesla, BMW, Ford, GM և SpaceX ընկերություններում աշխատած մասնագետները:

Faraday Future-ը մտադիր է նաև 1 մլրդ դոլար արժողությամբ խոշոր մասնաճյուղ հիմնել Լաս Վեգասում:

Մեքենայի մարտկոցը, ըստ լուրերի, 15%-ով ավելի հզոր կլինի, քան Tesla Model S-ի որոշ տարբերակներում տեղ գտած 85 kWh մարտկոցային համակարգը։ Այդ մարտկոցով Tesla-ն լիարժեք լիցքավորման դեպքում 270 մղոն է անցնում։

Եթե Faraday Future-ի հայտարարությունները իրականություն դառնան, ապա ներկայացվելիք մեքենան կզինվի 98 kWh մարտկոցով։

Գնի մասին ոչինչ դեռ հայտնի չէ։ Համացանցում է հայտնվել ընկերության՝ ԱՄՆ Նեվադա նահանգում կառուցվելիք գործարանի կոնցեպտ-լուսանկարը։



 

Faraday Future. ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների շուկայում նոր խաղացող է ի հայտ եկել, որը ձեռնոց է նետում Tesla-ին