Իրանը խախտել է միջազգային պատժամիջոցները` բալիստիկ հրթիռի արձակմամբ. ՄԱԿ

11:30 • 16.12.15

ՄԱԿ-ի փորձագիտական թիմը հրապարակել է իր զեկույցը հոկտեմբերի կեսերին Իրանի կողմից գործողության միջին շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, փաստաթղթում ասվում է, որ Իրանը բալիստիկ հրթիռի փորձարկմամբ խախտել է միջազգային պատժամիջոցները, որոնք արգելում են իսլամական պետությանը փորձարկել միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող զենքեր:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ «երկիր-երկիր» դասի հրթիռի փորձարկումն իր տեսակի մեջ առաջինն էր Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև ընթացիկ տարվա հուլիսի 14-ին պատմական միջուկային համաձայնագրի կնքումից ի վեր։ Ըստ համաձայնագրի կետերից մեկի՝ Իրանի իշխանությունները չպետք է նման տեսակի բալիստիկ հրթիռներ ստեղծեն ու փորձարկեն:

 

Մինչդեռ պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ իր բալիստիկ հրթիռներից որևէ մեկը չի կարող միջուկային մարտագլխիկներ կրել: Հայտնի է, որ հոկտոմբերի կեսերին փորձարկված հրթիռի գործողության շառավիղը կազմում է 1.000-1.300 կմ և այն կարող է տեղափոխել 1.000-1.400 կգ բեռ:

 

Ըստ ՄԱԿ-ի փորձագիտական թիմի՝ ցանկացած հրթիռ, որի գործողության շառավիղը գերազանցում է 300 կմ-ն, իսկ բեռնատարողությունը` 500կգ-ն, համարվում է միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ։
 

Իրանը խախտել է միջազգային պատժամիջոցները` բալիստիկ հրթիռի արձակմամբ. ՄԱԿ