«100 կյանք»-ը կանանց համար «Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ» է սահմանել՝ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորելու համար
«100 կյանք» (100 lives) մարդասիրական նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել, ամենամյա կրթաթոշակ է սահմանել երիտասարդ լիբանանցի կանանց ու աղջիկների համար՝ Դիլիջանի միջազգային դպրոցում կրթություն ստանալու համար:
«Որպես միջազգային մակարդակի առաջատար իրավապաշտպան՝ Ամալ Քլունին ոգեշնչող կերպար է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող կանանց համար: Նա արդարության, կարեկցանքի ու նվիրվածության մարմնացում է: Սրանք մարդկային այն որակներն են, որոնք հատուկ են աշխարհի քաղաքացիներին»,- մեջբերում է Asbarez-ը «100 կյանք» նախաձեռնության և Դիլիջանի միջագային դպրոցի համահիմնադիր, հայտնի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Ամալ Քլունիի անվան կրթաթոշակից» ամեն տարի կկարողանա օգտվել ընդամենը 1 լիբանանցի ուսանողուհի, ով հետաքրքրվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Հայտնի է, որ 2016թ. այս կրթաթոշակի շնորհիվ Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելու կգա Փամելա Թեբչրանին։










