Ճապոնացի գիտնականները բացահայտել են հյուսիսափայլի առկայծումների գաղտնիքը
Ճապոնացի գիտնականների խումբը` Կիոտոյի համալսարանից, պարզել է հյուսիսափայլի պայծառության փոփոխության և պարող լույսերի պատճառը:
Ինչպես ներկայացնում է INTERFAX.RU-ն` բևեռային հյուսիսափայլի ամենադիտարժան երևույթներից մեկի` կարճատև առկայծումների ծագումը մինչ այժմ պարզաբանված չէր:
Հայտնի էր, որ հյուսիսափայլը Երկրի մագնիսական դաշտի և պլազմային հոսքի ու Արևից եկող լիցքավորված մասնիկների փոխազդեցության արդյունքն է, իսկ դրանց համաձայնեցումն ու հետևողական բացատրությունը տալ հաջողվել է միայն հիմա:
Հետազոտողները պարզել են, որ Երկրի մագնիսական դաշտի հետ փոխազդեցության ժամանակ մասնիկների հոսքը հորձանուտում է հայտնվում` էներգետիկ հոսանք տարածելով բևեռների վրա: Էլեկտրական լիցքերի կուտակման արդյունքում մթնոլորտի վերին շերտերում տարածվում է էլեկտրական դաշտը, ինչն էլ ստիպում է ցածր դիրքում գտնվող պլազմային պտտվել ժամացույցի սլաքի ուղղությամբ:
Ընդհանուր հոսքից դուրս մնացած մասնիկները «պայթում են» մթնոլորտում, որի արդյունքում առկայծում է տեղի ունենում:










