Ցուկերբերգը կոչ է արել Հնդկաստանին կարիքավորներին անվճար ինտերնետով ապահովել
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը դիմել է Հնդկաստանի իշխանություններին` կոչ անելով ընդունել կարիքավորներին անվճար ինտերնետ կապ տրամադրելու վերաբերյալ վիճահարույց օրինագիծը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ցուկերբերգի կոչի բավարարման դեպքում Հնդկաստանի կարիքավոր բնակչությունը կկարողանա օգտվել Free Basics ծառայությունից, որը հնարավորություն է տալիս օգտվել մի շարք կայքերից` նույնիսկ ինտերնետ կապի բացակայության դեպքում:
«Հնդկաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր մարդ` անկախ սոցիալական դիրքից, համացանցից օգտվելու իրավունք ունի։ Չեմ հասկանում, ինչո՞ւ է այս հարցը նման թեժ քննարկման առիթ դարձել այդ երկրում»,- նշել է Facebook-ի ղեկավարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանի իշխանությունները, առանց որևէ պատճառաբանման, դադարեցրել են Free Basics ծառայության աշխատանքը, ինչի դեմ արդեն գրավոր բողոք է ներկայացրել 3.2 մլն մարդ։










