Ինչ է ջրածնային ռումբը, և ինչու են բոլորը իրար խառնվել Հյուսիսային Կորեայի փորձարկումից
The Independent-ն առաջարկել է ավելի մատչելի եղանակով հասկանալ, թե ինչ է ջրածնային ռումբը, որի փորձարկման մասին այսօր հայտարարել էր Հյուսիսային Կորեան:
Նախկինում ևս այդ երկիրը միջուկային փորձարկումներ էր անցկացրել, սակայն այժմյան փորձարկումը աշխարհում խուճապ է առաջացրել:
Թե ատոմային, թե ջրածնային ռումբերը միջուկային ռումբեր են, այսինքն՝ դրանց մեջ էներգիան առաջանում է միջուկային ռեակցիաներից: Տարբեր է այն, թե ինչպես են դրանք արձակում ահռելի էներգիան: Դա էլ, իր հերթին, տարբերություններ է առաջացնում այդ էներգիայի հզորության մեջ:
Ատոմային ռումբը էներգիա է ստեղծում միջուկային բաժանման եղանակով, որի դեպքում ավելի մեծ ատոմը բաժանվում է երկու ավելի փոքր ատոմների՝ էներգիայի առաջացումով: Ջրածնային ռումբի դեպքում կիրառվում է միջուկային սինթեզը, երբ երկու կամ ավելի ատոմները սինթեզվում են մեկ ավելի մեծ ատոմի:
Ըստ այդմ էլ՝ ջրածնային ռումբի ստեղծումը շատ ավելի բարդ է:
Sky News-ը ավելի մատչելի ձևով է բացատրում, թե ինչու են բոլորը անհանգստացած հյուսիսկորեական փորձարկումից: Ըստ աղբյուրի՝ ջրածնային ռումբի հզորությունը կարող է 5000 անգամ գերազանցել միջուկային ռումբի հզորությանը՝ հասնելով 50 մեգատոննայի: Այն դեպքում, երբ Հերոսիմայում կիրառված ռումբի հզորությունը 16 կիլոտոննա էր:
ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ հյուսիսկորեական ռումբի փորձարկման հետևանքով 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ջրածնային ռումբը ստեղծվել է ԱՄՆ-ում, առաջին անգամ փորձարկվել է 1952-ին, հետագայում նման ռումբեր են ստեղծել ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան:










