Jaguar-ը թողարկել է F-Type մոդելի հատուկ տարբերակը` նվիրված Բրիտանիային
Jaguar F-Type մոդելի հատուկ տարբերակն ստացել է British Design Edition անվանումը: Սովորական F-Type-ից այն կտարբերվի բացառիկ դիզայնով և մեծ թվով հավելյալ գործառույթներով:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` հատուկ տարբերակը վաճառքի կհանվի այս տարվա գարնանը: F-Type British Design Edition կուպեն ստեղծվել է F-Type S մոդելի հիման վրա: Մեքենան հասանելի է մի քանի գույներով` Ultimate Black սև, Caldera Red կարմիր, Glacier White սպիտակ և Ultra Blue կապույտ: Առաջին երեք գույները խորհրդանշում են բրիտանական դրոշի գույները, իսկ չորրորդը նորություն է ընկերության համար:
Բազային համակարգերից է Sport Design գործառույթների փաթեթը: Ռադիատորի վանդակաճաղերին և բեռնախցիկի դռան վրա պատկերված է բրիտանական դրոշի միագույն պատկերը:
Մեքենայի ինտերիերն առանձնանում է առավել շքեղ հարդարմամբ, մասնավորապես նստելատեղերը պատված են Jet առաջնակարգ կաշվով:
Մեքենան շուկայում կհայտնվի մի շարք շարժիչային տարբերակներով, այդ թվում` 3 լիտր ծավալային V6 բենզինային շարժիչով, որը կարող է 380 ձիաուժ հզորություն զարգացնել: Տվյալ շարժիչն աշխատում է Quickshift 8 աստիճան փոխանցման տուփով: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 5.1 վայրկյանում, առավելագույն արագությունն է 275 կմ/ժամ:












