ԱՄՆ-ն կդառնա այն երկիրը, որը կհաղթի քաղցկեղին. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի առողջապահության ոլորտին քաղցկեղային հիվանդությունները հաղթահարելու հանձնարարություն է տվել։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին նա հայտարարել է Կոնգրեսում ամենամյա ելույթի ընթացքում։
ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այդ ուղղությամբ «նոր, համազգային ջանքեր» են գործադրվելու։ Դրանց համակարգմամբ զբաղվելու է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։
«Եկե՛ք Ամերիկան դարձնենք այն երկիրը, որտեղ մեկընդմիշտ կբուժեն քաղցկեղը»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենն իր հերթին նշել է, թե իր առաքելությունը տեսնում է այն ռեսուրսների ծավալների ավելացման գործում, որն ԱՄՆ-ն հատկացնում է պետական գծով, ինչպես նաև մասնավոր ոլորտում քաղցկեղի դեմ պայքարի համար։
Նա խոսել է արգելքների հաղթահարման մասին, որոնք խոչընդոտում են համատեղ աշխատանքին ու տեղեկատվության փոխանակմանն այդ ոլորտում։
«Այդ նախաձեռնության նպատակն է կրկնապատկել արդյունքի հասնելու արագությունը»,-ասել է Բայդենը, ում որդին անցյալ տարի մահացել էր գլխուղեղի քաղցկեղից։
Բայդենի կարծիքով` բժշկական գիտությունն այժմ անհավանական բեկումների շեմին է։










