Անտարկտիդայում հայտնաբերվել է ամենամեծ կիրճը Երկրի վրա
Անտարկտիդայի սառույցների տակ հայտնաբերվել է Երկրի ամենամեծ կիրճը, որի երկարությունը հասնում է հազարավոր կիլոմետրերի, իսկ խորությունը` մոտ մեկ կմ-ի:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Geology ամսագրին հղումով, կիրճը հայտնաբերել են արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելիս: Կիրճի սահմաններն ուրվագծել հաջողվել է երկրաբանական ռադիոտեղորոշման շնորհիվ. ռադիոալիքները, սառույցի միջով անցնելով, որոշում են թաքնված կառույցների տեղադիրքը:
Նոր հայտնագործված կիրճը գտնվում է Արևելյան Անտարկտիդայի Էլիզաբեթ արքայադստեր երկրում: Երկրաբանները կարծում են, որ կիրճն առաջացել է ջրի շնորհիվ, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք այն մինչև սառցե շերտի ձևավորումն է առաջացել, թե ներքին ջրհոսքի արդյունքում:










