Հայ երիտասարդ գյուտարարները լի են հետաքրքիր գաղափարներով
Հայ երիտասարդ գյուտարարները լի են նոր ու հետաքրքիր գաղափարներով, որոնք սեփական երկրում իրագործելու ցանկություն ու նպատակ ունեն: 19-ամյա Անի Ասատրյանը սովորում է ՀԱՊՀ Կիբեռնիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում, աշխատում է «Այբ» դպրոցում որպես Ռոբոտիկայի լաբորատորիայի լաբարանտ և վարիչի օգնական։
Տարբեր մրցույթներին մասնակցած գյուտարարը փաստում է` Հայաստանում մեծ ներուժ կա և բավականին խելացի մարդիկ:
«Գաղափար կա սահմանում զինվորների ապահովության համար ռոբոտ ստեղծել, որը կփոխարինի զինվորներին: 2014-ին այն DigiCamp-ին եմ ներկայացրել, սակայն մասշտաբային առումով չի համապատասխանել: Բացի այդ, նմանատիպ գաղափար մեկ ուրիշն է հետագայում իրականացրել: Եթե վստահ լինեմ, որ կկարողանամ, գաղափարովս կդիմեմ իշխանություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է երիտասարդ գյուտարարը:
Նրա խոսքով` ռոբոտը ֆինանսական մեջ ներդրումներ է պահանջում, բայց այն կկարողանա մի շարք հարցեր լուծել, օրինակ, հասկանալ` սահմանը կենդանի՞ է խախտել, հասարակ գյուղացի՞, թե՞ զենքով մարդ:
Անիի եղբայրը` 17-ամյա Լևոն Ասատրյանը, սովորում է ՀԱՊՀ Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, աշխատում է Երևանի կապի և հեռահաղորդակցման գիտահետազոտական ինստիտուտում` որպես LabView ծրագրավորող։
DigiCamp -ին ներկայացրել է լցնովի պաղպաղակի ռոբոտ` «Ճպզ»-ը, և գրավել 2-րդ տեղը։
«Ռոբոտի միտքն ամբողջական իմը չէ, խմբով ենք իրականացրել: Իմաստը այն է, որ բիզնեսի համար ավելի հարմար լինի, և մարդու գործոնը հանեն աշխատանքի միջից: Այն քիչ ծախս է պահանջում: Գովազդ չենք արել սարքավորումը, պատրաստի դեռ չունենք, նախագծի մեջ է դիտարկված»,- նշեց Լևոն Ասատրյանը:
Այժմ երիտասարդ գյուտարարն իր ուժերն է փորձում խաղային ինդուստրիայում` խաղեր ու կոնցեպտներ պատրաստելով:
Մեկ այլ գյուտարար` 18-ամյա Արշակ Խաչատրյանն աշխատում է Google ընկերության հետ, աջակցում Polymer նախագծին, գրում է գիրք, աշխատում է 360 (VR) կայք պատրաստելու գործիք ստեղծելու վրա: Երիտասարդ գյուտարարները նշում են, որ ավելի շատ գիտելիքներ ստանալու ցանկություն ունեն:
«Հայաստանում գաղափարները բավական խելացի են լինում, կան կազմակերպություններ, որոնք օգնում են գյուտարարներին` տարածք կամ ֆինանսական միջոցներ տրամադրելով: Մրցույթներով քիչ-քիչ առաջ գնալը ևս արդյունավետ է. մարդիկ տեսնում են, որ ինչ-որ բան ես արել, և ինչ-որ դրամաշնորհ են տալիս»,-նշեց Անի Ասատրյանը:
Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day)։ Տոնի համար ընտրվել է ամերիկացի հայտնի պետական գործիչ,դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը։










